Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Սեմինար լրագրողների համար

ՀՀ ԱՆ. Սեմինար լրագրողների համար

ՀՀ առողջապահության նախարարությունը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) աջակցությամբ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար Ծաղկաձորում անցկացնում է ալյուրի հարստացման, առողջ ապրելակերպի և իմունականխարգելման  թեմաներով երկօրյա սեմինար:

 

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը  շնորհավորեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին  հայաստանյան գործունեության 20-ամյակի կապակցությամբ` շեշտելով, որ  այս կառույցի հետ Հայաստանի աշխատանքը արդյունավետ համագործակցության վառ օրինակ  է  շատ երկրների համար:

 

Սեմինարի առաջին օրը մասնակիցների ուշադրության կենտրոնում էր ցորենի ալյուրի հարստացման ծրագիրը:

 

«Սեմինարի շրջանակում կնեկայացվեն առողջապահական այս ծրագիրն իրականացնելու պատճառները, ինչպես նաև այն հետազոտությունները, որոնք իրականացվել են մասնագետների կողմից»,- ասաց առոջապահության նախարարի տեղակալը` հավելելով, որ սպառիչ պատասխաններ  կտրվեն  վերջին շրջանում հանրության, լրատվամիջոցներում լայն հնչեղություն ստացած առողջապահական ծրագրի վերաբերյալ:  

 

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հենրիետ Արենսը նշեց,  որ ցորենի ալյուրի հարստացման ծրագիրը միտված է  Հայաստանի բնակչության շրջանում  լայն տարածում ունեցող մի շարք հիվանդությունների`  մասնավորապես սակավարյունության կանխարգելմանը:

 

«Հայաստանն արդեն ունի նման` է աղի պարտադիր յոդացման հաջողված  փորձ: Այդ ծրագիրը  լավագույնս լուծեց բնակչության շրջանում յոդի պակասի խնդիրը: Ալյուրը կարևոր սննդային բաղադրիչ է:  Գաղտնիք չէ,  որ ցորենը աղալու ընթացքում կեղևային մասը դուրս է մնում,  որը պարունակում է ալյուրի հիմնական դրական բաղկացուցիչները: Ըստ էության նման միջամտությամբ մենք առաջարկում ենք վերադաձնել այն կարևորագույն բաղադիչը, որն ի սկզբանե ունի ցորենը»,- ասաց Հենրիետ Արենսը:

 

Ալյուրի կեղևը պարունկում է երկաթ և ֆոլաթթու, որի պակասն էլ հետազոտությունների համաձայն անհրաժեշտ է բնակչության մեծ խմբերին:  «Սա շատ կարևոր քննարկում է, որի նպատակն է լսել ձեր կարծիքները, մտահոգությունները: Մենք էլ մեր կողմից կտրամադրենք գիտելիքներ` հույս ունենալով, որ դուք  կհանդիսանաք հանրության ձայնը»,-  ընդգծեց բանախոսը:

 

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենը կարևորեց հանրության իրազեկվածության ապահովումը:

 

Մասնագետի գնահատմամբ` հիվանդությունները կանխարգելելու նպատակ ունեցող այս ծրագիրը ձեռնտու է նաև ծախսարդյունավետության տեսակետից:

 

Վկայակոչելով  միջազգային փորձը` նա նշեց, որ աշխարհում շուրջ 2 միլիարդ մարդ իրենց ընդունած օրական սննդից  բավարար քանակով երկաթ չի ստանում, ինչի հետևանքով նախադպրոցական տարիքի երեխաների 47 տոկոսը և հղի կանանց 42 տոկոսն ունեն սակավարունություն (Հայաստանում` համապատասխանաբար` 37 և 40 տոկոս):  Ֆոլաթթուն անչափ կարևոր է պտղի զարգացման համար, հատկապես վաղ շրջանում, երբ ձևավորվում է նյարդային խողովակը, իսկ ցինկը հանդիսանում է երեխայի աճի և իմունային համակարգի արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ կարևորագույն միկրոտարր:

 

Միկրոտարրրերի և վիտամինների անբավարարությունն ամբողջ աշխարհում հանրային առողջության առավել լուրջ խնդիրներից է, որի հետևանքով մարդու մոտ առաջանում են առողջական վիճակի  վատթարացում և արտադրողականության անկում: Երկաթը յուրահատուկ միկրոտարր է, որը մտնելով արյան բաղադրության մեջ մասնակցում է թթվածնի տեղաշարժին թոքերից այլ հյուսվածքներ ու օրգաններ:  

 

Հենրիետ Արենսը շեշտեց, որ նման միջոցառումների շնորհիվ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, առողջապահության ոլորտի մասնագետները նպատակ ունեն  իրազեկել առողջապահական այս կարևոր խնդիրի մասին:

 

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ  հանրային առողջապահական ծրագրերը, մասնավորապես` ցորենի ալյուրի հարստացումը քննարկվել է նաև  Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, հանրապետության ընտանեկան բժիշկներին, ԵՊԲՀ-ի ընտանեկան բժշկության ամբիոնի ուսանողներին, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի և այլ բուժհաստատությունների բուժաշխատողների հետ:

 

Նա նշեց, որ  ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած ալյուրի հարստացման ծրագրի նախագիծը` ցորենի աղալու ընթացքում միկրոսնուցող հանքային նյութերի և վիտամինների կորուստների վերադարձն է բարձր որակի ալյուրի մեջ։  Բերելով երկաթի և ֆոլաթթվի պակասի հետևանքով աշխարհում   և Հայաստանում արձանագրված հիվանդությունների (կանանց և երեխաների շրջանում սակավարյունություն, թույլ իմունային համակարգ, նյարդային համակարգի բնածին ճողվածք) առկա վիճակագրությունը, բանախոսը նշեց, որ ըստ ԱՀԿ  ապացուցողական հետազոտությունների  սակավարյունությունների  պատճառը 90% դեպքերում  երկաթի պակասն է։ Ամեն տարի Հայաստանում ծնվում է  նյարդային խողովակի բնածին ճողվածքով 80 երեխա, որոնք ողջ կյանքում մնում են հաշմանդամ։

 

«Ցորենն օգտագործվել է հազարավոր տարիներ: Այսօր մենք «խլել» ենք ցորենից այն հարստությունը, որը բնությունն  է տվել»,-ասաց Արմեն Մուրադյանը:

 

Նա ընդգծեց, որ առողջապահությունը ոչ թե բժշկական հաստատություններ են, այլ մի համակարգ, որը պետք է պահպանի մարդկանց առողջությունը և կանխարգելի հիվանդությունները:  

 

Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին, փորձագետներին, հասարակական կազմակերպություններին ակտիվ մասնակցության համար:

 

Նախարարը յուրաքանչյուր առողջապահական ծրագրի իրականացման գործում կարևորեց ԶԼՄ-ների դերը: Նա կոչ  արեց  առաջնորդվել ազնվության, արհեստավարժության և կառուցողական մոտեցման սկզբունքով:

 

Առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետ Հրայր Ասլանյանը ներկայացրեց մեր երկրում ցորենի ալյուրի հարստացման ծրագիրը:

 

Նա նշեց, որ 2009 թվականից եթե ցորենի ալյուրի պարտադիր հարստացման ծարգիր իրականացվում էր աշխարհի 55 երկրներում, ապա այսօր արդեն այդ երկրների թիվը հասել է 82-ի: Փորձագետը նշեց, որ ալյուրը հաջողությամբ հարստացվում էր նաև Խորհրդային Միությունում:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը  ներկայացնելով «ԱՀԿ դիրքորոշումը և ուղեցույցները» զեկույցը` նշեց, որ արդյունաբերական եղանակով ցորենի կամ եգիպտացորենի ալյուրի հարստացումն արդյունավետ, պարզ և ոչ ծախսատար մեթոդ է, որն  անհրաժեշտ վիտամիներով և  տարրերով կհամալրի  մարդկանց սննդակարգը: Նա վկայակոչելով միջազգային բազամթիվ գիտական հետազոտություններ` ընդգծեց, որ   այս ծրագրի իրականացումը խնդրի լուծման լավագույն միջոց է:

 

Սեմինարին տեսակապի միջոցով Տորոնտոյից միացավ նաև  կանադացի միջազգային փորձագետ Կվենտին Ջոնսոնը:

 

Նա նշեց, որ  ալյուրի հարստացման նախաձեռնության տեխնիկական աջակցության խմբի անդամ է, աշխատել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ մի շարք երկրներում: Երկու անգամ այցելել է Հայաստան ալյուրի հարստացման  գործընթացին աջակցելու նպատակով: Ջոնսոնը հայտնեց, որ իրենց երկրում ևս հանրային առողջապահական նման ծրագիր իրականացնելու համար պատճառ են հանդիսացել սակավարյունության դեպքերի լայն տարածումը:  

 

Փորձագետը հայտնեց, որ ծրագրի իրականացումը Կանադայում սպառողների շրջանում դրական  արձագանք է ստացել: Նա հայտնեց, որ Կանադան ալյուրի հարստացման ծրագիրն իրականացնում է 1948 թվականից: Կանադայում հարստացվում են նաև կաթը, հյութերը և նախաճաշի համար նախատեսված եգիպտացորենի հատիկները:

 

Միջոցառմանը մասնակցում էին նաև միջազգային և հասարակական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, հանրային առողջապահության, սննդի  մասնագետներ, արյունաբաններ:  

 

Զեկուցումներ եղան «Ալյուրի հարստացումը` որպես մոր և մանկան առողջության բարելավման գործոն», «Ալյուրի հարստացման միջազգային փորձը», այլ թեմաներով:

 

Սեմինարի երկրորդ օրը մասնագետների ուշադրության կենտրոնում կլինեն առողջ ապրելակերպին, Իմունականխարգելման ազգային ծրագրի ռազմավարությանը վերաբերող թեմաները: 

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ